2 տարեկան Ռոբերտ Ենգիդունյանն ունի լուրջ և կյանքին վտանգ սպառնացող «Limf-Gemongioma» հիվանդություն, որի համար շտապ անհրաժեշտ է բուժում արտերկրում` Իսրայելում: Սակայն բուժման համար մոտավորապես 20 հազար դոլար է պակասում, և անհրաժեշտ է բարեգործների օգնությունը: Նման խնդրանքով News.am-ին դիմել է Ռոբերտ Ենգիդունյանի հայրը` Սամվել Ենգիդունյանը: Հոր խոսքով, հիվանդությունը ուռուցքային, անոթային հիվանդություն է, ուռուցքը երեխայի պարանոցի մոտ է եղել, որը վիրահատական միջամտությամբ փորձել են հեռացնել:
Սակայն այն շարունակվել է և ներկա պահին հասել է մինչև երեխայի նախասիրտը: «Ռոբերտին տեղափոխեցինք Նորքի սրտաբանական հիվանդանոց, որտեղ պատասխանեցին, որ սրտի հետ կապված խնդիր չկա, հետևաբար իրենք չեն կարող միջամտել: Իսկ Հայաստանում կոնկրետ այդ հիվանդության մասնագետ չկա: Սակայն Նորքի սրտաբանականի բժիշկների օգնությամբ զանգահարեցինք Ֆրանսիա, Գերմանիա և Իսրայել: Իսրայելից պատասխանեցին, որ իրենք կբուժեն»,- մանրամասնեց Սամվել Ենգիդունյանը, հավելելով, որ երեխայի տեղափոխության և բուժման համար անհրաժեշտ ամբողջ գումարը 55 հազար դոլար է կազմում:
«Գումարի զգալի մասը մեր և բարերարների միջոցներով հայթայթել ենք, և ներկա պահին մոտավորապես 20 հազար դոլար է պակասում»,- ավելացրեց երեխայի հայրը:
Փոքրիկ Ռոբերտին օգնելու համար կարող եք գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին` HSBC բանկ 001 293 448 001 (ՀՀ դրամ), 001 293 448 101 (USA) կամ զանգահարել հետևյալ համարով` 094 09 33 70:
Հ. Գ. -«Իրատես de facto»-ն դիմում է բոլոր նրանց, ովքեր ԱԺ մայիսյան ընտրություններում առաջադրվելու են մեծամասնական ընտրակարգով։
Քանի՞ մեծամասնական ընտրատարածք ունենք: Քառասունմե՞կ: Յուրաքանչյուրում առնվազն երեք թեկնածու կառաջադրվի՞: Կառաջադրվի: Արե՞ց 123: Արե՛ց: Յուրաքանչյուրը 200 դոլար որ փոխանցի News.am-ի նշած հաշվեհամարին, այս հրաշք բալիկը մի 16 տարի հետո ընտրության իրավունք կունենա ու, չի բացառվում, որ իր թանկ ձայնը տա այդ 123-ից մեկի` պատգամավորության թեկնածու դարձած երեխային: Մի բուռ երկիր ենք ու մի բուռ ազգ: Այսօր մենք ենք բարեգութ, վաղն այդ բարի ձեռքի կարիքը ինքներս ենք ունենալու:
«Իրատես de facto»-ն 20 հազար դրամ է փոխանցում HSBC բանկի համապատասխան հաշվեհամարին։